ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ

 

 

Երկքաղաքացի է համարվում այն անձը, ով ունի մեկից ավելի պետությունների քաղաքացիություն:

 

 

 

Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի է համարվում այն անձը, ով Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից բացի, ունի նաև այլ պետության (երկրների) քաղաքացիություն:

 

 

 

Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին Հայաստանի Հանրապետության համար ճանաչվում է միայն որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Սույն նորմը տարածվում է նաև 1995 թվականի հունվարի մեկից հետո, առանց սահմանված կարգի Հայաuտանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու, այլ պետության քաղաքացիություն ընդունած կամ ստացած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից միակողմանի հրաժարված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա:

 

 

Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախատեսված բոլոր իրավունքները և կրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախատեսված բոլոր պարտականություններն ու պատասխանատվությունը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ օրենքով նախատեսված դեպքերի:

 

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացին այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում պարտավոր է այդ մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, մեկամսյա ժամկետում հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնին:

 

 

Երկքաղաքացիության ինստիտուտը մեր երկրում նորություն է և, բնականաբար, յուրաքանչյուր կառուցակարգ պահանջում է առավել կատարելագործում, ավելի մեղմացում և պարզեցում: Դա չի արվել որևէ մեկին անհանգստություն պատճառելու նպատակով: Հարցերը ՀՀ սփյուռքի նախարարությունն ուսումնասիրել է ոստիկանության և անձնագրային և վիզաների վարչության հետ, որովհետև փաստաթղթերի ստեղծման և տրամադրման հիմնական կրողը կառավարությանը կից ՀՀ ոստիկանությունն է: Քաղաքական առումով նպատակահարմար համարվեց այն դրույթը, որ ՀՀ քաղաքացիություն ստացողը պետք է գոնե մեկ անգամ լինի Հայրենիքում: Դժվար է պատկերացնել մեկին, ով դառնում է երկրի քաղաքացի՝ երբևէ չլինելով այդ Երկրում: Մարդը գոնե մեկ անգամ պետք է այցելի իր երկիր, հատկապես, եթե ցանկանում է այդ Երկրի քաղաքացին դառնալ: Ուրեմն, անձնագիրը պետք է ստանա Հայաստանում և ուրիշ որևէ տեղից ստանալ չի կարող: Ուրիշ խնդիր է, որ անձնագիր ստանալու համար սահմանված 30 օրը բավական կարճ ժամանակահատված է` հաշվի առնելով, որ մարդը կարող է գործեր ունենալ, հիվանդ լինել կամ երկրում չլինել և այլն: ՀՀ կառավարության որոշմամբ այս արգելքը նույնպես վերացվեց: Այսպիսով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի ստորագրումից հետո քաղաքացին կարող է ստանալ իր անձնագիրը, երկքաղաքացիություն շնորհելու մասին տասնօրյա ժամկետում ծանուցում ստանալուց հետո՝ իրեն հարմար ժամանակ: Մյուս բոլոր խնդիրները զուտ կազմակերպչական են: