Սեբաստացի լինելը պաշտոն կամ խոսք չէ այլ՝ ապրելակերպ

Այնքան հաճելի է, երբ քեզնից անպակաս են հետաքրքիր և անմոռանալի իրադարձությունները, երբ ապրում ես ակտիվ, աշխույժ կյանքով, հասկանում ես, թե ինչպիսին է իրականում կյանքը, իմաստն ու նշանակությունը: Երբ կյանքը քեզ տանում է իր հունով, իսկ դու անընդհատ փնտրտուքների մեջ ես, չես մնում նույն տեղում, փորձում ես ուժերդ փորձել տարբեր ոլորտներում, երբ հաղթանակներդ քեզ ոգևորում են, իսկ պարտությունդ  ոչ թե հիասթափեցնում, այլ է՛լ ավելի է զարգացնում  քո ներսի՝ չհանձնվելու ու առաջ գնալու հատկությունը․․․․ ա՛յ սա է կյանքը՝ իր բարդություններով ու նվաճումներով, չէ՞ որ միայն հաղթանակներով կյանքը շատ անիմաստ կլիներ ու հետաքրքրություն չէր ունենա:

 

Մանկապարտեզից սեբաստացի եմ չեմ կարող ամեն օրվանից պատմել այդ պատճառով 10-րդ դասարանի ուստարվանից կսկսեմ:

Սիրում եմ, երբ օրերս հագեցած են լինում, փորձում եմ անընդհատ նոր գույներ հաղորդել կյանքիս։ Դեռ նախանցյալ ամառ էր, որոշեցի վոլեյբոլով զբաղվել (ինձ էի փորձում, զգալու համար՝ պիտանի՞ եմ սպորտում): Այսպիսով, հունիսին հաճախում էի և՛ վոլեյբոլի, և՛ «Գարդենիա» ակումբ, որտեղ ես և ընկերներս սովորում էինք բույսերը ճիշտ խնամելու, տնկելու, իրենց օգտակար և բուժիչ հատկությունների մասին, իսկ հետո փորձում էինք մեր իմացած գիտելիքներով օգտակար լինել միջավայրին, շրջում էինք կրթահամալիրի դպրոցներով, խնամում բույսերը և հարկ եղած դեպքում նորերը տնկում։ Այնքա՜ն լավ զգացում է, երբ միջավայրդ ինչ-որ չափով դարձնում ես ավելի գեղեցիկ ու խնամված, երբ չորս կողմդ ծաղիկները ծաղկած են:


Հունիսի կեսերին Ախալքալաքից կրթահամալիր այցելեցին սովորողներ։ Նրանց հետ շրջայցերի ցուցակում ես էլ էի ընդգրկված։ Մեզ հյուրընկալված խմբի հետ գնացինք Հայաստանում Վրաստանի դեսպանատուն, որտեղ դեսպանը և իր կինը
շնորհակալագրեր տվեցին հայ-վրացական բարեկամական կապերին ակտիվ մասնակցության  և մեր՝ վրացերենի խմբի կողմից Վրաստանի անկախության օրը շնորհավորելու առիթով պատրաստված տեսանյութի համար:

 

Բայց, կարծես թե այս ամենի հետ մեկտեղ, ինչ-որ բան էր պակասում: Հունիսը վերջանում էր, իսկ ճամփորդության դեռ չէի գնացել ներսս եռ էր գալիս շտապում էի ընդառաջ նոր արկածների, նոր բացահայտումների, ուզում էի քայլել նոր վայրերով,  հիանալ ամենակարող բնության հրաշագործությամբ։ Մինչ մտածում էի՝  ո՞ւր գնամ, ինչպե՞ս, իմ շատ սիրելի ընկեր Ռինան տեղեկացրեց, որ դեռ փետրվար-մարտ ամիսներին կայացած «Հայ-վրացակական հանրակրթական կամուրջներ» նախագծի հաղթող մասնակիցներից մեկը ես եմ իմ հոդվածը ճանաչվել էր  լավագույններից մեկը: Եվ այդպես, հուլիսին ընկեր Ռինայի, ընկերներիս՝ Վանուհի Ազատյանի և Անի Աճեմյանի հետ մեկնեցի Թբիլիսի, որտեղ թիվ 37 դպրոցի սովորողների հետ միասին գնացինք Սվենեթի, Ուշգուլի, Զուգդիդի։ Շատ տպավորված ու լավ օրեր էին յուրաքանչյուր օրը շատ լեցուն էր ու հիշարժան: Առավել հիշարժան էր Զուգդիդի պատմական քաղաքը, որը տպավորվեց «երազանքի ծառով»՝ որին հասնել էր պետք կապած աչքերով, հետաքրքիր էր նաև քաղաքի պատմությունը։

Վերադարձա հրաշալի տպավորություններով։ Հետո․․․․ հետո շարունակեցի ապրել իմ սովորական առօրյայով՝ վոլեյբոլի պարապմունք, բույսերի խնամք «Գարդենիա» ակումբում, էլի սովորական դարձած մի քանի գործեր։ Մեկ շաբաթ չանցած, տեղեկացա, որ Վրաստանի դեսպանությունը մեր կրթահամալիրին հնարավորություն է տվել 25 հոգանոց խմբով մասնակցելու Անակլիայի ծովափնյա ճամբարին: Դե, ես ինչպես կարող էի այդ առիթը կորցնել, երբ դեռ այդ ամռանը չէի հասցրել ծովի գեղեցկությամբ էլ հիանալ : Այստեղ էլ օրերս ակնթարթի նման անցանմիայն մի քանի հուշեր մեր խումբը «Ֆորդ Բոյար» խաղի հաղթող դարձավ, ճամբարի վերջին օրը համերգ էր կազմակերպվել, որին ներկա էր Վրաստանի կրթության և գիտության նախարարը։ Նա մոտ 2 ամիս առաջ այցելել էր մեր կրթահամալիր։ Այդ ժամանակ ես հնարավորություն էի ունեցել վրացերենով վարել միջոցառումը։ Պարզվեց՝ նա էլ չէր մոռացել իր այցը, և մեր ու այլ երկրների մասնակիցների հետ հանդիպմանը նշեց, որ ինքը շատ ուրախ է՝ այստեղ տեսնելով ծանոթ ու հարազատ կրթահամալիրի սովորողներին։ Նման լսարանի առաջ հնչած այդ խոսքերը կրթահամալիրի մասին․․․․ միայն հպարտանում  եմ:

Դե ինչ, արդեն սեպտեմբերն էր սկսվել, 11-րդ դասարանցի եմ...էս ե՞րբ դարձա...պետք է այդ ոգևորությամբ  էլ սկսեմ ուստարին, իսկ ի՞նչը կդարձնի տարին էլ ավելի տեսանելի ու պատկերավոր, իհարկե ուսումնական ճամփորդությունը Հայաստանով: Միշտ սիրել եմ ճամփորդել, իսկ տիար Բլեյանի հետ ճամփորդելը առանձնահատուկ հետաքրքիր է։ Ով գոնե մեկ անգամ ճամփորդել է տիարի հետ, կհաստատի, որ նրա հետ ճամփորդելիս, նրանից շատ բան ես սովորում։ Հաճախ ավտոբուսը կանգնեցնում է, պատմում տվյալ վայրի մասին, իսկ դու լսում ես ու չես ձանձրանում ու չես մտածում այլ բանի մասին, որովհետև լսածդ այնքան հետաքրքիր է քեզ հասնում, այնքան  «անհասկանալի» հետաքրքիր՝ պատմում մեր տիարը:
Դեռ առաջին կիսամյակում հասցրեցի այցելել՝ Նորավանք, Հայրավանք, Աշտարակ, Թալին և այլն: 

Հա, քիչ էր մնում մոռանայի մի քաղաքային ճամփորդության մասին հրավիրված էինք Վրաստանի դեսպանատան կողմից կազմակերպված Վրաստանի տարազների ցուցադրությանը, որոնք իսկապես շատ յուրօրինակ և տարբերվող էին՝ վրացական ոճին համապատասխան:

Մեկնարկեցին ստուգատեսները: 2017-2018ուստարում հասցրեցի մասնակցել բոլոր ստուգատեսներին՝ «Էկո տուրին», «Բնագիտատեխնիկական ստուգատեսին» և «Դիջիթեքին», որոնցից ունեցա մրցանակներ, և որոնք օգտագործեցի նոր ճամփորդյություններ գնալու համար):

Դպրոցից զատ սիրում եմ մասնակցել այլ հետաքրքիր միջոցառումների և մարտ ամսին գտա այդպիսներից մեկը, որն իր տեսակով շատ յուրօրինակ և արդյունավետ էր: Ընթացքում մասնակիցները  ընդգրկվում էին տարբեր «տարօրինակ» խաղերում (օրինակ՝ գդալի վրա ձուն ատամներով պետք է հասցնեին Aկետից Bկետ), ստանում մրցանակներ, իսկ այդ խաղերի ամբողջ հասույթը տրամադրվելու էր մանկատան երեխաներին:


Եվ այսպես, մարտ ամսին սեբաստացի մի քանի  ընկերներով մասնակցեցինք այդ միջոցառմանը և հենց այդ ժամանակ էլ մտերմացանք QSI դպրոցի 12-րդ դասարանի սովորող Հասմիկի հետ։

Հասմիկի հետ շրջեցինք դպրոցով, նա պատմեց իրենց դպրոցում իրականացվող բնապահպանական նախագծերի մասին, իսկ մենք՝ մեր ամենամյա Էկոտուրի և «Գետը համայնքում»  նախագծի մասին։ Լինելով բնապահպանական «Գարդենիա» ակումբի անդամ՝ չէի կարող նրան չպատմել մեր ջերմոց-լաբորատորիայի մասին, ցույց չտալ սովորողների գործունեությունը։ Պատմեցի նաև կրթահամալիրի Ագարակի, ուսուցանվող մարզաձևերի, լողավազանի և ակումբների մասին։ Հասմիկը շատ զարմացած էր և ցանկություն հայտնեց խմբով գալ և իրենց աչքերով տեսնել մեր միջավայրը։ Մենք սիրով համաձայնեցինք և խոստացանք, որ միասին նախագիծ կանենք մեր «աշխարհում»՝ կրթահամալիրում: Եվ քանի որ խոստացել էինք, մեզ մնում էր միայն օժանդակող հանդիսանալ այդ հանդիպման իրականացմանը:
Բայց մինչ փորձում էինք կազմակերպել հանդիպումը, սկսվեցին քաղաքացիական խաղաղ ցույցերը, որոնց մենք չէինք կարող չմասնակցել։ Որոշված հանդիպումը հետաձգվեց, ու մեր կյանքում շունչ առավ
 «թավշյա հեղափոխությունը»։

 

 

 

Եվ անցանք մեր խոստացած հանդիպման իրականացմանը: Երկար պատրաստվելուց հետո հունիսին ընդունեցինք նրանց դպրոցից մի խմբին մեր դպրոց: Շրջեցինք Մեդիակենտրոնով, միասին աստղացուցարանում ֆիլմ դիտելով, որից հետո գնացինք Գեղարվեստ՝ եղանք արվեստանոցներում, հետո Նոր դպրոցով ուղևորվեցինք Քոլեջ, շրջեցինք տեխնոլոգիայի, կարի արհեստանոցում և ջերմոցում, գործնական բաց դաս անցկացրինք և ուղևորվեցինք Մայր դպրոց։ Եղանք բնագիտական լաբորատորիաներում , ՏՏ դասասենյակում ու մարզասրահներում։ Մեր հյուրերը հիացած էին, տպավորված, ոմանք նույնիսկ ցանկություն հայտնեցին տեղափոխվել մեր դպրոց, պատասխանեցի՝ սիրով սպասում ենք:
Այս հանդիպումից շատ ոգևորված էի, ուրախ էի, որ կարողացա համագործակցության նոր կապեր ստեղծել։ Սեպտեմբերից շրջանավարտ եմ, ևս մեկ տարի և կգնամ իմ ճանապարհով, իսկ համագործակցությունը կմնա-կշարունակվի կրթահամալիրի սովորողների հետ, չնայած իմ շրջանավարտ լինելու հանգմանքն  էլ չի փրկելու
․․․․ ինձնից պրծում չունեք))))։

2018-2019 ուստարի։ Սկսեմ նոր տողից, սեպտեմբերն եկավ նոր ոգևորությամբ։ Ոգևորությամբ էլ սկսեցի չավարտված, բայց սկսված նոր ուսումնական տարին։
Արդեն 12-րդ դասարան եմ հասել ու համարվում եմ շրջանավարտ, իսկապես դժվար է կտրվել այս միջավայրից, չնայած կարծում եմ սեբաստացի լինելը ապրելակերպ է և կապ չունի՝ թե աշխարհի որ մասում ես, և ես կփորձեմ՝ որտեղ էլ լինեմ, մեր դպրոցի պատիվը բարձր պահել: Մենք ընտանիքով ենք սեբաստացի, ես և իմ 2 եղբայրները՝ 2014-2015թվականի շրջանավարտ Դավիթ Նիկողոսյանը և 2015-2016 թվականի շրջանավարտ Էրիկ Նիկողոսյանը դեռ մանկապարտեզից ենք սովորել և ավարտել կրթահամալիրը: Դավիթն այժմ սովորում է Ամերիկյան համալսարանում, իսկ Էրիկը համալսարանի պատմության ֆակուլտետում»։ Նրանք արդեն մեր բոլորի պատիվը բարձր են պահում, և հերթը իմն է))»

 

Կրթահամալիրում մեր ձեռքբերումները շատ են, և ես շատ շնորհակալ եմ նաև իմ ծնողներին, որ դեռ մանկապարտեզից, մանկական ամենակարևոր տարիները ապրել ու կրթվել ենք հենց այստեղ՝ կրթահամալիրում: Մանկապարտեզից մինչև այսօր հիշելու այնքան բաներ ունեմ, հենց հիմա միտքս են գալիս իրար հետևից, բայց ի զորու չեմ այդքանը գրելու, դրա համար որոշեցի գոնե 10-րդ դասարանից մի քանի ամենահիշարժան դրվագներ պատմել, քանի որ նույնիսկ այդ երեք տարիների ընթացքում, հավատացեք, ավելին է եղել, քան պատմածս:


Մի քանի խոսուն ֆոտոշարերով ավարտեմ պատումս։